Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Կարֆուրին» Հայաստանում շատերն են սպասում

«Կարֆուրին» Հայաստանում շատերն են սպասում
27.05.2014 | 00:17

Երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան ԱՆՐԻ ՌԵՆՈՅԻՑ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են շարունակվելու ՀՀ-ի և Եվրամիության հարաբերությունները Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելու որոշումից հետո:
Անրի Ռենոն նշեց, որ, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, առաջարկվել է, որպեսզի Արևելյան գործընկերության ծրագրի յուրաքանչյուր երկրի նկատմամբ ԵՄ-ն ցուցաբերի առանձնահատուկ մոտեցում: Եվ այս համատեքստում, բնականաբար, պետք է հաշվի առնվի Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցումը: Դեսպանը նշեց, որ իրենք պարտավոր են հարգել Հայաստանի որոշումը: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանը հայտնել է նաև իր պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Եվրամիության հետ:
«Ֆրանսիան կողմնակից է, որ Հայաստանը շարունակի նստել բանակցային սեղանի շուրջը հավասարի կարգավիճակով, ինչպես «Արևելյան գործընկերություն» ծրագրի մյուս երկրները: Հայաստանը չպետք է նստի ավելի ցածր աթոռի, քան մյուսները»,- նշեց դեսպան Անրի Ռենոն: Նա հիշեցրեց Եվրամիության կարգախոսը՝ «Միասնականություն՝ տարբերությունների և բազմազանության մեջ»:
Հարց հնչեց նաև այն մասին, որ «Կարֆուր» ֆրանսիական ընկերության Հայաստան մուտք գործելու մասին շրջանառվում են բացասական տեսակետներ:
Դեսպանի փոխանցմամբ՝ ինքը տեղյակ չէ նման խոսակցություններին, գիտի միայն, որ Հայաստանում «Կարֆուրին» շատերն են սպասում: Նա կարծիք հայտնեց, որ «Կարֆուրը» կարող է մեծ բավականություն պատճառել հայ հաճախորդներին, իսկ հայկական տնտեսության համար նրա մուտքը շահեկան կլինի, քանի որ կբացվեն նոր աշխատատեղեր: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը վստահեցրեց, որ «Կարֆուրի» թիվ մեկ մատակարարը հայ է լինելու: Անրի Ռենոն կարծում է, որ «Կարֆուրը» հայ արտադրողներին կօգնի, որ նրանք իրենց արտադրանքը համապատասխանեցնեն եվրոպական չափանիշներին, իսկ «Կարֆուրի» աշխատակիցները նախօրոք վերապատրաստվում են, քանի որ նրանց անհրաժեշտ են նոր, ժամանակակից հմտություններ:
«Իրատես de facto»-ն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Եվրամիության ասոցացման համաձայնագրի տեքստը չի հրապարակվել: Մասնավորապես, վերջերս ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ իրեն չի հաջողվել ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեից ձեռք բերել այդ տեքստը, կամ, առնվազն, տեքստի քաղաքական բաղադրիչը: Կարո՞ղ ենք այս դեպքում խոսել ԵՄ-ի հրապարակային և թափանցիկ գործելաոճի մասին:
«Ես չեմ կարող հրապարակայնացնել գործընթացի մանրամասները, տրամադրել ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստ կամ օրինակ: Խոսքը մի փաստաթղթի մասին է, որը ո՛չ նախաստորագրվել է, ո՛չ էլ, առավել ևս, ստորագրվել: Միանգամայն նորմալ է, որ բանակցային ողջ գործընթացի ժամանակ բանակցություններին առնչվող ցանկացած տեքստ պահվում է չհրապարակման գրիֆի տակ: Այդպիսի մոտեցում, ի դեպ, կիրառվում է Ֆրանսիայում բանակցությունների ժամանակ: Բանակցությունների փաստաթղթերը անպայման իրենց վրա կրում են չհրապարակման գրիֆը, վերտառությունը: Բանակցային գործընթացի հաջողությունը պայմանավորված է նաև գաղտնիության գործոնով»,- ասաց Անրի Ռենոն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ